ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ս․Ալեքսիևիչ․ «Պատերազմը կնոջ դեմք չունի»
15:00 11.08.2019

Ս․Ալեքսիևիչ․ «Պատերազմը կնոջ դեմք չունի»

Երկրորդ աշխարհամարտի տարիներին խորհրդային բանակում կռվում էր մոտ մեկ միլիոն կին։ Նրանք ծառայում էին բոլոր զորամասերում, տիրապետում բոլոր զինվորական մասնագիտություններին։ Բայց պատերազմից հետո կամ դժկամությամբ էին խոսում, կամ պարզապես լռում էին։ Բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչը տարիներ շարունակ զբաղված էր նրանց խոսեցնելու դժվարին գործով։ Նոբելյան մրցանակի արժանացած «Պատերազմը կնոջ դեմք չունի» գեղարվեստա-փաստագրական գիրքը հնարավորություն է տալիս ընթերցողին պատերազմին նայելու բոլորովին ուրիշ աչքերով։

Պատերազմում նրանք դիպուկահար էին, կապավոր, գնդացրորդ, լվացարար ու բուժքույր։ Բայց նրանց պատերազմը անհայտ է մնացել։ Հեղինակը կարծում է, որ այդ պատերազմն ուներ իր գույներն ու հոտերը, իր բառերն ու զգացմունքների իր տրամաբանությունը։ Նրանց պատմություններում հերոսներ և աներևակայելի սխրագործություններ չկան։ Մարդիկ են, ովքեր կռվում են ու տառապում․ «Նրանց կյանքի պատմություններում կան էջեր, որոնք կարող են մրցել դասական գրականության լավագույն էջերի հետ»։ Հենց այդպիսի պատմություններով է նաև հեղինակը փորձում կոտրել դասագրքային հորինվածքներից մեկը․ Հայրենական պատերազմը միայն «հաղթանակի» պատմություն է։

Նրանք ոչ թե պատերազմն էին հիշում, այլ իրենց երիտասարդությունը, կյանքի մի դրվագը։ Հեղինակը պետք է որսար հենց այդ դժվարին պահը։ Մի կին՝ նախկին օդաչուն, հրաժարվեց հանդիպելուց և հեռախոսով բացատրեց, թե ինչու։ Երեք տարի է կռվել։  Եվ երեք տարի իրեն կին չի զգացել։ Երբ Բեռլինում՝ Ռայխստագի մոտ, ապագա ամուսինը առաջարկություն արեց, նա նույնիսկ վրդովվեց․ «Դու նախ ինձ կի՛ն դարձրու, ծաղիկնե՛ր նվիրիր, հո՛գ տար, գեղեցիկ խոսքե՛ր ասա»։

Զրույցների ընթացքում հեղինակը հասկանում է, որ ինքը գրում է ոչ թե պատերազմի, այլ պատերազմում մարդու մասին, ոչ թե պատերազմի, այլ զգացմունքների պատմությունը։ Դա ուներ իր դժվարությունը։ Գրաքննությունը դրվագներ էր ջնջում․ «Դուք պետք է փնտրեք հերոսական օրինակներ։ Դրանք հարյուրավորներ են։ Իսկ Դուք ցույց եք տալիս պատերազմի կեղտը։ Ներքնաշորերը»։ Տարիներ հետո հարկ եղավ լրացնել գրաքննիչների ջնջածը։

Պատերազմում նրանք կանգնում էին մահվան դեմ, փորձում հասկանալ, թե ինչով է տարբերվում մահը սպանությունից, որտեղ է մարդկայինի ու անմարդկայինի սահմանը։ Զենիթայինը վերհիշում է․ «Ես չեմ տեսել այն մարդկանց, որոնց սպանել եմ․․․ Բայց․․․ Միևնույն է․․․ Հիմա հասկանում եմ, որ սպանել եմ»։

Պատերազմում սարսափելին ու անհեթեթը կողք կողքի էին։ Շարքային կինը չորս տարի շարունակ պատերազմել է տղամարդու վարտիքով․ «Դու պատերազմում ես, պատրաստվում ես մեռնելու հանուն հայրենիքի, իսկ քո հագին տղամարդու վարտիք է»։ Արձակուրդից եկածին շրջապատում էին, հերթ կանգնում ու հոտ քաշում։ Տան հոտ էին առնում։ Հրացանը ձեռքերում պահում էին այնպես, ինչպես տիկնիկներին էին պահում։ Քայլելիս այնպես էին քնում, որ նույնիսկ առվի մեջ էին ընկնում։ Ծաղիկներ չէին քաղում, ավելի ճիշտ՝ քաղում էին միայն այն ժամանակ, երբ հրաժեշտ էին տալիս զոհվածին։ Իսկ աղջիկներից մեկը ականջօղերն էր կարոտել․ գիշերը դրանցով էր քնում։ Պատերազմում էլ ուզում էին գեղեցիկ լինել։ Կապի ջոկի հրամանատարը ամենից շատ վախենում էր ոտքերի համար․ «Գեղեցիկ ոտքեր ունեի։ Տղամարդուն ի՞նչ։ Նրա համար այնքան էլ սարսափելի չէ, եթե նույնիսկ ոտքերը կորցնի։ Միևնույն է, հերոս է։ Իսկ եթե կինը հաշմվի, ուրեմն նրա ճակատագիրը կորոշվի։ Կնոջ ճակատագիրը»։

Վախենում էլ էին։ Վախենում, բայց և սիրում էին, թեև սիրահարներին հրամանատարությունը տարբեր զորամասեր էր ուղարկում։ Նախկին ենթասպան պատմում է, թե ինչպես է իր ձեռքերով կարել հարսանեկան զգեստը։ Վիրակապերից․ «Իսկ վիրակապերը մի ամիս հավաքում էինք աղջիկների հետ։ Ավարային վիրակապերը։ Իսկական հարսանեկան զգեստ ունեի։ Լուսանկարը պահպանվել է»։ Սիրում էին, միաժամանակ գիտեին, որ մի քանի րոպե անց կարող են չլինել։

Նրանք մտածում էին, որ պատերազմից հետո ամեն ինչ կփոխվի, բոլորը կապրեն մարդավայել կյանքով․ «Բայց պատերազմը դեռ չէր ավարտվել, իսկ էշելոններն արդեն շարժվեցին Մագադան։ Էշելոնները՝ հաղթողներով․․․»։ Պատերազմի ավարտից տասնամյակներ անց էլ շատ հարցեր մնում էին անպատասխան․ «Ո՞վ էր այն ժամանակ հավատում Բուդիոննու հեծելազորին, երբ Հիտլերը զինվում էր տանկերով ու ինքնաթիռներով։ Ո՞վ էր մեզ հավատացնում․ «Մեր սահմանը փակի տակ է․․․»։ Իսկ առաջին օրերին բանակն արդեն փամփուշտներն էր հաշվում․․․ Ինչու՞ Ստալինը հաղթանակից հետո էլ չէր վստահում ժողովրդին․․․»։

Պատերազմի ժամանակ նրանք սովորեցին ատել։ Պատերազմից հետո պետք է սովորեին սիրել։ Ոմանք չէին կարողանում հարմարվել հետպատերազմյան կյանքին նույնիսկ տարիներ անց։ Արյան հոտ էին առնում լվացք անելիս, ճաշ պատրաստելիս․ «Չի կարող լինել մի սիրտ ատելության, իսկ երկրորդը՝ սիրո համար։ Մարդ մի սիրտ ունի, և ես միշտ մտածել եմ այն մասին, թե ինչպես փրկեմ իմ սիրտը»։

Շատերը կարողացան փրկել իրենց սիրտը և զրուցել անկեղծորեն։ Իսկ զրույցներին կարծես երեք մարդ էր մասնակցում․ նա, ով ժամանակին անցել էր պատերազմի ճամփաներով, նա, ով տարիներ անց հիշում էր այդ մարդուն, և հեղինակը։ Զրույցները, անկասկած, հաջողվել են։ Հեղինակը կարողացել է ստեղծել պատերազմի իրական դեմքը։

Արթուր Իսրայելյան     

15:00 11.08.2019

Ամենաշատ ընթերցվածները