ԱՎԵԼԻՆ

Սյունիք

«Իրանը Սյունիքի հարցով կմիջամտի այնքանով, ինչքանով դա կցանկանան ՀՀ իշխանությունները, բայց չպետք է բացառել ևս մեկ տարբերակ». Արամ Շահնազարյան. 168.am
23:02 08.03.2024

«Իրանը Սյունիքի հարցով կմիջամտի այնքանով, ինչքանով դա կցանկանան ՀՀ իշխանությունները, բայց չպետք է բացառել ևս մեկ տարբերակ». Արամ Շահնազարյան. 168.am

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այցի շրջանակում նախարար Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիին, որի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ: Տարածաշրջանային հարցեր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննարկել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ:

168.am-ը Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ փորձել է հասկանալ՝ Իրանն ըմբռնումո՞վ է մոտենում Հայաստանի՝ Ֆրանսիայի հետ նոր որակի հարաբերություններին, մասնավորապես, ռազմական համագործակցությանը, ինչո՞ւ չէ՝ եվրոպական և արևմտյան այլ երկրների հետ: Ավելի ճիշտ՝ արդարացվա՞ծ է Երևանում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի համատեղ ասուլիսի ժամանակ Սուրեն Պապիկյանի վստահությունը, թե Իրանը հարգում է ՀՀ-ի՝ առանց տաբուների համագործակցությունը Ֆրանսիայի հետ:

– Այս հարցի պատասխանը կարելի է գտնել նախօրեին նախագահ Ռաիսիի և պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար գեներալ Աշթիանիի` Սուրեն Պապիկյանի հետ ունեցած հանդիպումների ժամանակ հնչած հստակ հայտարարություններում. Իրանը վերահաստատում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության և սահմանների փոփոխության անթույլատրելիության հարցում իր հաստատակամ դիրքորոշումը, բայց միևնույն ժամանակ գտնում է, որ արտատարածաշրջանային ուժերին դաշտ տրամադրելը չի կարող անվտանգություն ապահովել։ Ընդհակառակը` դա հակառակ էֆեկտն է ունենալու` տարածաշրջանը վերածելով արտատարածաշրջանային ուժերի մրցակցության դաշտի, որից տուժելու են բոլորը։ Կարծում եմ` այս հստակ հայտարարությունները խոսում են ձեր հարցի հետ կապված պաշտոնական Թեհրանի դիրքորոշման, մտահոգությունների և վերապահումների մասին։

– Ի դեպ, Իրան-Ֆրանսիա հարաբերությունների մասին ի՞նչ կասեք: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ասել է, որ Ֆրանսիան Իրանի հետ անհամաձայնություն ունի շատ հարցերում, մեկ հարցում է համաձայն, որը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը: Ո՞ր հարցերում են Իրանի և Ֆրանսիայի անհամաձայնությունները, և արդյո՞ք ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման տարբերակները՝ Իրանի և Ֆրանսիայի, նույնն են:

– Իրան-Ֆրանսիա հարաբերություններն անհրաժեշտ է դիտարկել Իրան-Արևմուտք հարաբերությունների համատեքստում, որտեղ միջազգային և տարածաշրջանային հիմնահարցերի հետ կապված կողմերն ունեն բովանդակային և աշխարհաքաղաքական ընկալման տրամագծորեն տարբեր մոտեցումներ ու տեսակետներ։ Դրանք ակնհայտ են Սիրիայում, Լիբանանում, Գազայում, Իրաքում, Եմենում, ուկրաինական հակամարտությունում և… Իսկ ինչ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման հարցում կողմերի տեսակետների համընկնմանը, այո, դա այդպես է, սակայն այն պահպանելու տարբերակների հետ կապված կողմերի մոտեցումները տարբեր են։ Իմ կարծիքով` կարևոր խնդիրը հենց դա է։

– Գաղտնիք չէ, որ Սյունիքը կարևոր գործոն է, և նրա կարգավիճակի ցանկացած փոփոխություն խնդրահարույց է և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ անգամ արևմտյան բլոկի առանձին խաղացողների համար: Կարո՞ղ ենք ասել, որ «Զանգեզուրի միջանցքն» Իրանին ձեռնտու չէ, եթե անգամ այն ռուսական հսկողության տակ լինի, և ինչո՞ւ:

– Դա միանշանակ այդպես է։ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի կյանքի կոչումը վերջնականապես կփոխի Հարավային Կովկասի առանց այն էլ խախտված աշխարհաքաղաքական հավասարումները, ինչն էլ չափազանց լուրջ` բոլորովին նոր որակի մարտահրավերներ է առաջացնելու Իրանի անվտանգային մթնոլորտի համար։ Թեհրանում հստակ գիտեն, թե այդ միջանցքը ռազմաքաղաքական, անվտանգային և տնտեսական ինչպիսի անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։ Եվ իզուր չէ, որ առաջին իսկ օրվանից Իրանը կտրականապես դեմ է եղել այդ միջանցքի կյանքի կոչմանը։ Իրանի փորձագիտական շրջանակում այդ միջանցքն անվանում են ոչ թե «Զանգեզուրի միջանցք», այլ` «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»։ Կարծում եմ` նման անվանումն արդեն իսկ խոսում է Իրանի մտահոգությունների և հստակ դիրքորոշման մասին։

– Ադրբեջանը հաճախ է Հայաստանին շանտաժի ենթարկում, որ եթե չհամաձայնի «Զանգեզուրի միջանցքին», ապա Իրանին կընտրեն, ի՞նչ է սա ենթադրում:

– Ադրբեջանա-թուրքական ալյանսի նպատակը հստակ է. ցանկացած գնով կյանքի կոչել «Զանգեզուրի միջանցքը» ` բռնակցելով Հայաստանի հարավային շրջանը` Սյունիքը։ Նրանց բոլոր գործողություններն ու հայտարարությունները ծառայում են հենց այդ նպատակի կյանքի կոչմանը։ Դեռևս 90-ականների սկզբից Իրանը հնարավորություն է ընձեռել Բաքվին իր տարածքով կապվելու Նախիջևանի հետ։ Այնպես որ՝ եթե Ադրբեջանը ցանկանար օգտագործել իրանական տարբերակը, ապա նման համառությամբ չէր հետևի ցանկացած գնով «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչմանը։

– Իրանական շրջանակներում մի պահ գեներացվում էր Նախիջևանի վրայով Հայաստանի հետ ավելի դյուրին և կարճ կապի հնարավորության թեման, այսօր այն դեռ քննարկման օրակարգում կա՞:

– Այո, կար ժամանակ, երբ Իրանում սկսեց գեներացվել այն միտքը, որ եթե Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ստանալ «Զանգեզուրի միջանցք»` Նախիջևանի հետ ցամաքային ուղիղ կապ ապահովելու համար, ապա պետք է Նախիջևանի տարածքով նման մի «միջանցք» էլ տրամադրի Իրանին և Հայաստանին` երկու երկրների միջև ուղիղ կապն ապահովելու համար։ Բայց շատ արագ սառեցրին այդ մտքի քննարկումն ու գեներացումը, գիտակցելով Իրան-Հայաստան սահմանի խզման վտանգները։ Հիմա այլևս այդ մասին չի խոսվում։

– Մի առիթով մեզ հետ զրույցում ասացիք, որ Սյունիքի հարցով Իրանն իրադարձություններին կներգրավվի այնքան, որքան դա կպահանջի և կցանկանա Հայաստանը: Ըստ Ձեզ՝ այս առումով ի՞նչ չափի պահանջ և ցանկություն կա Հայաստանից Իրանին ուղղված այսօր, եթե, իհարկե, կա նման հստակ բան:

– Այո, ես ասել եմ ժամանակին, որ Իրանը Սյունիքի հարցով կմիջամտի այնքանով, ինչքանով դա կցանկանան ՀՀ իշխանությունները: Սա միջազգային ընդունված նորմ է, և ես մնում եմ իմ այդ կարծիքին, որ Իրանի գործողությունները մեծապես պայմանավորված են լինելու նաև ՀՀ իշխանությունների ցանկություններով: Սակայն պիտի հաշվի առնել մի տարբերակ ևս. եթե իսկապես պատերազմական վիճակ լինի, եթե թուրք-ադրբեջանական ալյանսը որոշի ուժով բռնագրավել Սյունիքը և կյանքի կոչել «Զանգեզուրի միջանցքը», ապա չպետք է բացառել, որ Իրանը, ելնելով իր անվտանգային ու տարածաշրջանային շահերից, կարող է առանց հաշվի առնելու որևէ կողմի կարծիքը, միջամտել խնդրին: Այս տարբերակը ևս չպետք էր բացառել: Իսկ այս հարցի սահմանում ևս ցանկանում եմ անդրադառնալ մի շատ վտանգավոր երևույթի, որը վերջին մի քանի օրերի ընթացքում գեներացվում է ՀՀ-ում՝ արևմտամետ և սորոսական շրջանակների կողմից:

Դա այն հակաիրանական քարոզչությունն է, որը ծավալվում է այս օրերին, խոսում են իբր Իրանի ակտիվացման, ներկայության ենթադրյալ վտանգների մասին: Հստակ խոսում են այն մասին, որ պետք է Թեհրանին հասկացնել՝ բացառվում է Իրանի ռազմական ներկայությունը Հայաստանում և կոնկրետ Սյունիքում: Սա շատ վտանգավոր է Հայաստանի համար, և կարող է հղի լինել անդառնալի հետևանքներով, որովհետև ներկա դրությամբ մենք գիտենք՝ միայն Իրանն է, որ կարող է գործնական քայլեր ձեռնարկել, եթե իսկապես թուրք-ադրբեջանական դաշինքը փորձի ուժով զավթել Սյունիքը: Իրանն է, որ ցույց է տվել՝ պատրաստ է գնալ գործնական քայլերի: ՀՀ իշխանությունները պետք է իմաստուն գտնվեն և չեզոքացնեն նման քարոզչությունը:

– ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջարկում է Իրան-Ռուսաստան-Հայաստան ռազմական, ռազմավարական դաշինք կնքել, ինչը Հայաստանին տարածաշրջանում անձեռնմխելի կդարձնի: Բայց, օրինակ, Իրանին սա հետաքրքիր կլինի՞ կամ ձեռնտու, ինչո՞ւ պիտի Իրանը համաձայնի նման դաշինքի, ինչի՞ դիմաց:

– Արշակ Կարապետյանի առաջարկած տարբերակը տեսականորեն լավագույն տարբերակն է, որը կարող է ներկա դրությամբ ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, սակայն որպես խոչընդոտ՝ կա 2 կարևոր հանգամանք, որը չպետք է անտեսել: Առաջին, ՀՀ իշխանությունները շատ արագ և նպատակային խզում են ՀՀ ավանդական ռազմավարական հարաբերությունները ՌԴ-ի հետ, որոնք մինչ այս համարվել են ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության երաշխիքները, այսինքն, նրանք այսօր այլ կոնտեքստում են տեսնում երկրի ինքնիշխանության ապահովումը: Սա շատ կարևոր հանգամանք է, որը բացառում է Իրան-Ռուսաստան-Հայաստան այդ դաշինքի ձևավորումը:

Երկրորդը, որը ոչ պակաս կարևոր է, և որի մասին շատ է խոսվում նաև Իրանի փորձագիտական շրջանակներում, դա այն է, որ ընդհանրապես Ռուսաստանն այնքան էլ չի ցանկանում տեսնել Իրանի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրադարձություններում, ինչ-որ տեղ նախանձով է մոտենում Իրանի ակտիվացմանն այս հարցում՝ Իրանին դիտարկելով՝ որպես մրցակից: Եվ, ցավոք սրտի, ներկա դրությամբ Ռուսաստանի համագործակցությունն ավելի շատ Թուրքիայի հետ է, քան Իրանի, և նա փորձում է Իրանին հնարավորինս հեռու պահել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրադարձություններից: Սա ևս խանգարող հանգամանք է: Այնպես որ, չեմ տեսնում, որ տեսանելի ապագայում հնարավոր կլինի ձևավորել նման դաշինք, թեպետ, կրկնում եմ, ես ևս կարծում եմ, որ դա տեսականորեն լավագույն միջոցն է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվտանգությունն ապահովելու և երաշխավորելու:

– Անցած տարի Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի կանգնեցման պահանջ է եղել նաև Մեղրիում խաղաղապահների տեղակայումը: Իրանը սա թույլ կտա՞ր, եթե ՀՀ իշխանությունները համաձայնեին այս պահանջին:

– Միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումն Արցախում, Հարավային Կովկասում բազմիցս քննարկման թեմա է եղել, և Իրանը կտրուկ բացասական մոտեցում ունի դրա հետ կապված, քանի որ միջազգային խաղաղապահ ուժերում, բնական է, ներառված են լինելու արևմտյան տերությունների ռազմական միավորումները՝ Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա և այլ պետություններ, ինչպես նաև՝ Թուրքիան է հավակնում, որ իր ռազմական միավորումները ներառված լինեն նման խաղաղապահ ուժերում: Դա Իրանի կողմից բացվառված երևույթ է, մանավանդ՝ իր սահմանի երկայնքով, և, մասնավորապես, Մեղրիի տարածքում, քանի որ փաստացի կնշանակի ՆԱՏՕ-ի ուժերի ներկայություն, ինչը կարմիր գիծ է Իրանի համար, լուրջ անվտանգային խնդիր: Եվ Իրանը դեմ է ՀՀ-ում նման ուժերի տեղակայմանը:

– Իսկ եթե պատերազմի կանգնեցման պահանջ որպես՝ միայն ռուս խաղաղապահների տեղակայման հարց լիներ Մեղրիում, Իրանը ինչպե՞ս կվերաբերվեր դրան:

– Վերապահումով, քանի որ այլ բան է՝ սահմանապահներ ունենալ հայ-իրանական սահմանին, այլ բան՝ խաղաղապահների տեղակայումը Մեղրիում, քանի որ այն կնշանակի՝ միջանցքի կյանքի կոչում, ինչին Իրանը կտրուկ դեմ է:

Աղբյուրը՝ 168.am

23:02 08.03.2024

Ամենաշատ ընթերցվածները