Քաղաքական
«10-15 տարուց Իրանի հետ կարող է պատերազմ սկսվել». Սաուդյան Արաբիայի թագաժառանգ
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը կոչ է արել միջազգային հանրությանն Իրանի նկատմամբ հավելյալ տնտեսական և քաղաքական ճնշում գործադրել, որպեսզի հնարավոր լինի խուսափել տարածաշրջանում անմիջական ռազմական բախումից:
Հեղինակավոր The Wall Street Journal-ի հետ զրույցում 32-ամյա թագաժառանգն ասել է, որ իրանական ռեժիմի նկատմամբ հավելյալ ճնշում գործադրելու դեպքում միայն հնարավոր կլինի խուսափել զինված հակամարտությունից:
«Սակայն եթե մեր փորձերը ձախողվեն, մենք հավանաբար 10-15 տարուց Իրանի հետ պատերազմի մեջ կլինենք»,- նախազգուշացրել է թագաժառանգը, փոխանցում է Tert.am-ը:
Հայտնի է, որ Սաուդյան Արաբիան ու Իրանը խիստ լարված հարաբերություններ ունեն: Սաուդյան Արաբիան այն պետություններից էր, որոնք խիստ դեմ էին 2015թ. կնքված պատմական միջուկային համաձայնագրի շրջանակում Իրանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների չեղարկմանը:
Պատճառն այն է, որ Իրանը մերձավորարևելյան տարածաշրջանում լուրջ խաղացող է և ազդեցության մեծ լծակներ ունի, իսկ դա դուր չի գալիս սաուդացիներին: Բացի այդ, կասկածներ կան առ այն, որ Իրանի իշխանությունները զինում են Եմենում հաստատված հութի զինյալներին, որոնք էլ իրանական զենքերով կռվում են Սաուդյան Արաբիայի դեմ:
Մինչդեռ Իրանը հերքում է հութիներին զինելու մեղադրանքն ու պնդում, որ Սաուդյան Արաբիան մերձավորարևելյան տարածաշրջանում ապակայունացնողի դեր ստանձնած երկիր է:
Լուսանկարը՝ EgyNews.net-ի